Գլխավոր icon Ֆինանսական շուկաներ

Գլոբալ ներդրումային հեռանկարներ․ օգոստոս 2026թ․

calendar 03.08.2026
clock Կարդալու տևողություն՝ 20 րոպե
Գլոբալ ներդրումային հեռանկարներ․ օգոստոս 2026թ․

Պատրաստվե՛ք ռոտացիաների՝ կենտրոնացված և ներդրումային հոսքերի ազդեցության տակ գտնվող շուկաներում 


Հուլիսին Մերձավոր Արևելքում լարվածությունը կրկին սրվեց։ Ներդրողների շրջանում հրադադարի վերականգնման հնարավորության վերաբերյալ աճող կասկածները Brent տեսակի նավթի գինը կրկին մոտեցրին 100 դոլարին։ Մինչ այդ այն վերադարձել էր նախապատերազմյան մակարդակին՝ մատակարարման ուղիների արդյունավետ վերակողմնորոշման և առաջարկի հետ կապված ռիսկերի վերագնահատման շնորհիվ։ 


Միաժամանակ համաշխարհային բաժնետոմսերի շուկաներում շարունակվեցին ներդրումային դիրքերի վերադասավորումները։ Ներդրողներն աստիճանաբար դուրս են գալիս չափազանց ծանրաբեռնված դիրքերից՝ նախապատվությունը տալով պաշտպանական ոլորտներին, ֆինանսական և արդյունաբերական ընկերություններին։ Քանի որ առանձին ոլորտներին բնորոշ գործոններն ավելի մեծ ազդեցություն են ձեռք բերում, տարբեր ոլորտների եկամտաբերությունների միջև տարբերություններն աճում են, իսկ դրանց փոխկապակցվածությունը՝ նվազում։ Պարտատոմսերի շուկայում եկամտաբերություններն աճեցին բարձր մակարդակների, քանի որ պետական ֆինանսների կայունության վերաբերյալ մտահոգությունները մեծացրին ճնշումը եկամտաբերության կորի երկար հատվածի վրա։ 


Թեև ներդրողների տրամադրությունները շարունակում են պահպանվել ուժեղ կորպորատիվ հաշվետվությունների հերթական սեզոնի սպասումների շնորհիվ, այդուհանդերձ՝ հիասթափության տեղ գրեթե չկա։ Եթե ֆինանսական արդյունքները կամ ընկերությունների կանխատեսումները չարդարացնեն սպասումները, ապա շուկայական ռոտացիաները կարող են զգալիորեն արագանալ։ Շուկայի իրացվելիությունը դեռևս նպաստավոր է, սակայն ամառային ամիսներին այն կարող է թուլանալ։ Միաժամանակ տեխնոլոգիական որոշ ընկերություններում բարձր լծակավորումը և գերծանրաբեռնված դիրքերը կարող են ուժեղացնել շուկայական տատանումները։ 


Ստորև ներկայացնում ենք մեր հիմնական կանխատեսումները նավթի գների, գնաճի, կենտրոնական բանկերի քաղաքականության և ֆինանսական շուկաների վերաբերյալ։ 


  • Մատակարարման երթուղիների վերակազմավորումը շարունակում է առանցքային դեր ունենալ նավթի գների արձագանքի ձևավորման հարցում։ Վերջին գնային շարժերը վկայում են աճող անորոշության մասին, իսկ տատանողականությունը մնում է բարձր, քանի դեռ ներդրողները գնահատում են մատակարարումների հետագա խափանումների հավանականությունը։ Բացի դրանից, հեղուկացված բնական գազի շուկայում պահպանվում է հիմնական խոչընդոտը. մատակարարումների վերաուղղորդումն ավելի դժվար է, Քաթարի արտահանումը հեշտ փոխարինելի չէ, իսկ Ասիայի և Եվրոպայի կայուն պահանջարկը շարունակում է բնական գազի շուկայում առաջարկի պակաս առաջացնել։



  • ԱՄՆ-ում և եվրոգոտում գնաճի վերջին տվյալները շարունակում են վկայել բարենպաստ միտումների մասին։ Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքում վերջին լարվածության և նավթի գների դինամիկայի պայմաններում գնաճի թուլացման ընթացքը կարող է լինել ոչ այնքան սահուն՝ ուղեկցվելով որոշակի տատանումներով։ Ամենայն հավանականությամբ, կենտրոնական բանկերը կպահպանեն զգուշավոր մոտեցումը, իսկ եթե գնաճային ճնշումների հետևանքով դրամավարկային քաղաքականությունը ժամանակավորապես խստացվի, ապա հաջորդ տարի, Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը զուգընթաց, այն, հավանաբար, կվերադառնա մեղմացման ուղուն։ Միջնաժամկետ հեռանկարում գնաճի շուրջ քննարկումները շարունակում են կրել առավելապես կառուցվածքային, այլ ոչ թե ցիկլային բնույթ։ Հիմնական հարցն այն է, թե որտեղ կհաստատվի գնաճի ստորին սահմանը՝ հաշվի առնելով կապիտալ ծախսերի աճող ցիկլը, ռեսուրսների սահմանափակությունը, ռազմավարական ինքնավարության ամրապնդման անհրաժեշտությունը, արհեստական բանականության ոլորտում առաջատար լինելու մրցակցությունը, պետական պարտքի բարձր մակարդակը և կլիմայի փոփոխության ազդեցությունը։ 


  • Ակնկալվում է, որ տնտեսական աճը փոքր-ինչ կարագանա, սակայն տարբեր երկրներում և տնտեսության տարբեր հատվածներում դրա տեմպերը կմնան անհամաչափ, ընդ որում՝ հիմնական շարժիչ ուժը կլինեն ներդրումները։ Եվրոպայում Գերմանիայի բարեփոխումների փաթեթը կառուցվածքային կարևոր գործոն է, որը կարճաժամկետ հեռանկարում կարող է չափավոր նպաստել ՀՆԱ-ի աճին՝ բարձրացնելով վստահությունը, մինչդեռ դրա առավել զգալի ազդեցությունն ակնկալվում է ավելի երկարաժամկետ հեռանկարում։ 


  • Բաժնետոմսերի շուկայում ռոտացիայի միտումը շարունակվում է։  Կիսահաղորդիչների վերջին թուլացումը վկայում է ավելի լայն վերադասավորման մասին․ կապիտալը տեղափոխվում է ոչ միայն այն ընկերություններից, որոնք արհեստական բանականության ներդրումներից առաջինն էին շահել, այլև դեպի արժեքային շղթայի այլ օղակներ՝ ներառյալ ենթակառուցվածքները, էներգամատակարարումը և կիրառական լուծումները՝ նոր հնարավորություններ որոնելու նպատակով։ Տարվա սկզբից գրանցված զգալի աճից հետո այս զարգացումը կարելի է դիտարկել որպես շահույթի ֆիքսում և ավելի ընտրողական մոտեցման անհրաժեշտության ազդակ, քանի որ արհեստական բանականության թեմայով ներդրումներն աստիճանաբար բաժանվում են հաղթողների և հետ մնացողների։

 

Այս պայմաններում շարունակում ենք պահպանել ռիսկային ակտիվների նկատմամբ չափավոր դրական մոտեցումը։ Միաժամանակ կարծում ենք, որ այս փուլում նպատակահարմար չէ մեծացնել ռիսկը, քանի որ տոկոսադրույքները մոտենում են բարձր մակարդակների, շահույթի վերաբերյալ ակնկալիքները գրեթե տեղ չեն թողնում հիասթափության համար, իսկ ամառային ամիսներին շուկայի իրացվելիության նվազումը կարող է ուժեղացնել շուկայական տատանումներ 


Ընդհանուր առմամբ, պահպանում ենք ռիսկային ակտիվների նկատմամբ չափավոր դրական մոտեցումը, սակայն այս փուլում նպատակահարմար չենք համարում ռիսկի ավելացումը։ Տոկոսադրույքները մոտենում են բարձր մակարդակների, ընկերությունների շահույթի վերաբերյալ ակնկալիքները հիասթափության համար գրեթե տեղ չեն թողնում, իսկ ամառային ամիսներին իրացվելիությունը կարող է նվազել՝ ուժեղացնելով շուկայական տատանումները:

Ամունդի ներդրումային ինստիտուտ․ Կենտրոնական բանկերի մոտեցումները Սինտրայի համաժողովից հետո


Հետագա ուղենիշներ. 2018 թվականից ի վեր Դաշնային պահուստն աստիճանաբար հրաժարվել է ապագա քաղաքականության վերաբերյալ նախնական ուղենիշներից՝ անցնելով հրապարակվող տվյալներից առավել կախված մոտեցման։ Սակայն խոշոր կենտրոնական բանկերի կողմից նման ուղենիշների սահմանափակումը կարող է մեծացնել կարճաժամկետ տոկոսադրույքների ակնկալվող ընթացքի շուրջ անորոշությունը՝ ուժեղացնելով եկամտաբերության կորի կարճ հատվածի տատանողականությունը։ 


Եկամտաբերության կորի շարժը։ Մեր գնահատմամբ՝ առաջիկայում եկամտաբերության կորի տեղաշարժերն ավելի քիչ են պայմանավորվելու տնտեսական աճով և ավելի շատ՝ դրամավարկային քաղաքականության սպասումներով, ժամկետայնության հավելավճարով և հարկաբյուջետային խոցելի գործոններով։ Ռազմավարական նպատակների ֆինանսավորման համար կառավարությունները ստիպված կլինեն ավելացնել պարտատոմսերի թողարկումը՝ բարձր պետական պարտքի և բյուջետային պակասուրդների պայմաններում, և շուկան պետք է կլանի այդ լրացուցիչ առաջարկը։ Միաժամանակ ներդրողների աճող հետաքրքրությունը ներքին շուկաների պարտատոմսերի նկատմամբ կարող է վերափոխել պարտատոմսերի շուկայում կապիտալի հոսքերը և կանխորոշել, թե որ հատվածներն են շահելու բարձրորակ եկամտաբերության համար ընթացող մրցակցությունից։ 

Մոնիկա Դիֆենդ
Ամունդի Ներդրումային ինստիտուտի ղեկավար
Դրամավարկային քաղաքականության շուրջ անորոշությունը շարունակում է մնալ բաժնետոմսերի շուկայի և ԱՄՆ դոլարի վրա ազդող կարևոր գործոն։ Թեպետ Դաշնային պահուստի կողմից տոկոսադրույքի բարձրացումը մեր հիմնական սցենարը չէ, դրա իրականացումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի երկու ակտիվների դասերում էլ էական վերագնահատման:

Այս պայմաններում մենք վերահաստատում ենք, որ ճկուն ներդրումային պորտֆել ձևավորելու համար առաջնային նշանակություն ունեն աշխարհագրական և ոլորտային լայն դիվերսիֆիկացիան, ինչպես նաև հիմնարար ցուցանիշների և ընտրողական մոտեցման վրա հիմնված ներդրումային որոշումները։ Ստորև ներկայացված են ակտիվների հիմնական դասերի վերաբերյալ մեր հիմնական համոզմունքները.


  • Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների հարցում ԱՄՆ պետական պարտատոմսերի ժամկետայնության նկատմամբ շարունակում ենք պահպանել փոքր-ինչ զգուշավորից մինչև չեզոք մոտեցումը՝ նախապատվությունը տալով եկամտաբերության կորի միջին հատվածին։ Շարունակում ենք ակնկալել եկամտաբերության կորի թեքության աճ և ավելացրել ենք երկարաժամկետ իրական տոկոսադրույքների նկատմամբ դիրքերը՝ հաշվի առնելով դրանց գրավիչ մակարդակները։ Եվրոպայում մեծացրել ենք եկամտաբերության կորի թեքության աճից շահող դիրքերը և շարունակում ենք նախապատվությունը տալ ծայրամասային երկրների պարտքին՝ հիմնական երկրների պարտքի համեմատ։ Միացյալ Թագավորությունում ֆիքսել ենք շահույթը, սակայն պահպանել ենք եկամտաբերության կորի թեքության աճի վերաբերյալ մեր համոզմունքը։ Բարձրորակ կորպորատիվ պարտատոմսերը շարունակում են առաջարկել գրավիչ եկամտաբերություն, իսկ զարգացող շուկաների պարտքի նկատմամբ շարունակում ենք պահպանել դրական գնահատականը։ 


  • Բաժնետոմսերի դեպքում նախապատվությունը տալիս ենք կայուն բիզնես մոդել ունեցող, կառուցվածքային փոփոխությունների նկատմամբ ավելի դիմացկուն, ինչպես նաև ամուր հաշվեկշիռ ունեցող ընկերություններին։ Ռազմավարական առումով նվազեցրել ենք ԱՄՆ շուկայի կշիռը՝ հաշվի առնելով բարձր գնահատումները և շուկայի կենտրոնացվածության ռիսկը։ Դրական ենք գնահատում Եվրոպայի և Ճապոնիայի շուկաները, իսկ զարգացող շուկաները նույնպես շարունակում են գրավիչ մնալ՝ շնորհիվ իրենց տեխնոլոգիական առավելությունների և զարգացած շուկաների համեմատ ավելի գրավիչ գնահատականների։ 


  • Բազմաակտիվների պարագայում (multi-asset) շարունակում ենք պահպանել ռիսկային ակտիվների նկատմամբ չափավոր դրական մոտեցումը, սակայն նախապատվությունը տալիս ենք ընթացիկ եկամտաբերություն ապահովող ռազմավարություններին, ընտրողականությանը և տարածաշրջանային դիվերսիֆիկացիային, այլ ոչ թե արտահայտված ուղղորդված դիրքերին։ Այդ պատճառով մարտավարական առումով նվազեցրել ենք S&P 500 ինդեքսի նկատմամբ մեր դրական մոտեցումը՝ միաժամանակ պահպանելով դրական գնահատականը SPX 500 հավասարակշռված ինդեքսի նկատմամբ։ Այս ռոտացիան նպաստում է Եվրոպային, որտեղ Գերմանիայի բարեփոխումների և ենթակառուցվածքային ներդրումների փաթեթները պետք է աջակցեն տնտեսական ակտիվությանը։ Արժութային շուկայում շարունակում ենք նախապատվությունը տալ զարգացող շուկաների այն արժույթներին, որոնք ապահովում են ավելի բարձր տոկոսային եկամուտ։ 

 


Թեև արտաքուստ շուկաները հանգիստ են թվում, դրանց ներսում ռոտացիաներn արդեն ընթանում են։ Ներդրողները պետք է պատրաստ լինեն բաժնետոմսերի շուկայի ավելի լայն աճին՝ նախապատվությունը տալով կառուցվածքային առումով կայուն, գնագոյացման ազդեցություն ունեցող և արտաքին ցնցումները կլանելու կարողություն ունեցող ընկերություններին։

ՖԻՔՍՎԱԾ ԵԿԱՄՈՒՏ  

Երկարաժամկետ տոկոսադրույքները հասել են գրավիչ մակարդակների


Ամորի Դորսեյ

Ֆիքսված եկամտաբերությամբ ներդրումային գործիքների գծով ղեկավար


Մակրոտնտեսական միջավայրը դեռևս հակասական է. կենտրոնական բանկերը պահպանում են զգուշավոր մոտեցումը, մինչդեռ գնաճի և դրամավարկային քաղաքականության սպասումները շարունակում են ձևավորվել նավթի գների դինամիկայի ազդեցության ներքո։ ԱՄՆ-ում կայուն մակրոտնտեսական տվյալները և Դաշնային պահուստի համեմատաբար խիստ դիրքորոշումը շարունակում են բարձրացնել տոկոսադրույքները՝ հիմնավորելով ժամկետայնության նկատմամբ մեր փոքր-ինչ զգուշավոր մոտեցումը։ Միևնույն ժամանակ դրանք գրավիչ ներդրումային հնարավորություններ են ստեղծում եկամտաբերության կորի առանձին հատվածներում, մասնավորապես՝ միջին հատվածում և իրական տոկոսադրույքների շուկայում։


Եվրագոտում Եվրոպական կենտրոնական բանկը կարծես մոտենում է վերջնական տոկոսադրույքի մակարդակի ճշգրտմանը, և հետագա հնարավոր փոփոխություններն ավելի շուտ քաղաքականության ճշգրտումների արտացոլում կլինեն, քան՝ խստացման նոր փուլ։ Առանց հաշվի առնելու ԵԿԲ-ի գնումները՝ պարտատոմսերի թողարկման շարունակական աճը, ամենայն հավանականությամբ, կպահպանի ճնշումը եկամտաբերության կորի երկար հատվածի վրա։ Սա հիմնավորում է եկամտաբերության կորի թեքության աճի վերաբերյալ մեր համոզմունքը, որն ավելի է ամրապնդվել կորի հարթեցման նախորդ փուլից հետո։ Միացյալ Թագավորությունում փոքր-ինչ կրճատել ենք մեր դիրքերը՝ միաժամանակ պահպանելով եկամտաբերության կորի թեքության աճի վերաբերյալ դրական գնահատականը՝ թույլ տնտեսական աճի և հարկաբյուջետային անորոշության պայմաններում։ 


Ժամկետայնություն (Duration) ու եկամտաբերության կորեր


  • ԱՄՆ-ում պահպանում ենք ժամկետայնության նկատմամբ փոքր-ինչ զգուշավոր մոտեցումը՝ նախապատվությունը տալով հնգամյա ժամկետայնությանը և եկամտաբերության կորի թեքության աճից շահող դիրքերին։ Հաշվի առնելով գրավիչ մակարդակները՝ ավելացրել ենք նաև երկարաժամկետ իրական տոկոսադրույքների նկատմամբ դիրքերը։ Եվրոգոտում ուժեղացրել ենք եկամտաբերության կորի թեքության աճից շահող դիրքերը՝ շարունակելով նախապատվությունը տալ ծայրամասային երկրների պարտատոմսերին՝ հիմնական երկրների պարտատոմսերի համեմատ։ 


  • Միացյալ Թագավորությունում վերջին շրջանում գրանցված բարձր եկամտաբերությունից հետո փոքր-ինչ կրճատել ենք մեր դիրքերը՝ միաժամանակ պահպանելով եկամտաբերության կորի թեքության աճի վերաբերյալ մեր համոզմունքը։ 


  • Ճապոնիայում շարունակում ենք զգուշավոր մոտեցում ցուցաբերել պետական պարտատոմսերի նկատմամբ, քանի որ Ճապոնիայի բանկը դեռևս հետ է մնում տնտեսական իրողություններից։ Միաժամանակ շարունակում ենք ակնկալել եկամտաբերության կորի հարթեցում։ 


Կորպորատիվ


  • Ընդհանուր առմամբ շարունակում ենք դրական գնահատել կորպորատիվ պարտատոմսերի շուկան, քանի որ նոր թողարկումները հաջողությամբ կլանվում են շուկայի կողմից, իսկ որակյալ եկամտաբերություն ապահովող ակտիվների նկատմամբ պահանջարկը շարունակում է աջակցել սպրեդներին։ Հիմնարար ցուցանիշները մնում են ամուր, սակայն ոլորտների միջև տարբերություններն աճում են, ուստի առավել կարևոր են դառնում ոլորտների և առանձին թողարկողների ընտրությունը։ 


  • ԱՄՆ-ի ներդրումային դասի կորպորատիվ պարտատոմսերի շուկան շարունակում է պահպանել կայունությունը, սակայն նախապատվությունը տալիս ենք եվրոպական շուկային՝ ամերիկյանի համեմատ։ Ոլորտային առումով նախընտրում ենք ֆինանսական հատվածը՝ ոչ ֆինանսական հատվածի համեմատ՝ հաշվի առնելով դրա բարձր շահութաբերությունն ու կապիտալի ամուր մակարդակը։ 


  • Շարունակում ենք նախապատվությունը տալ ստորադաս պարտատոմսերին՝ բարձր եկամտաբերությամբ պարտատոմսերի համեմատ՝ միաժամանակ կենտրոնանալով կարճ ժամկետայնությամբ պարտատոմսերի վրա։ 


Զարգացող շուկաների պարտատոմսեր ու արտարժույթ 


  • Ընդհանուր առմամբ շարունակում ենք դրական գնահատել զարգացող շուկաների պարտքային գործիքները, սակայն առաջնահերթությունը տալիս ենք ընտրողական մոտեցմանը։ Ակտիվների այս դասը գրավիչ է մնում՝ ընթացիկ եկամտաբերության, ամուր ներքին մակրոտնտեսական հիմքերի և կայուն սպրեդների շնորհիվ։ Տարածաշրջանային առումով նախապատվությունը տալիս ենք Լատինական Ամերիկային՝ հատկապես հումքային ապրանքներ արտահանող երկրներին, ինչպիսին է Բրազիլիան։ 


  • Դրական ենք գնահատում զարգացող շուկաների ուժեղ արժույթով թողարկված պետական և կորպորատիվ պարտատոմսերը, հատկապես այն ներդրումային թեմաները, որոնք կապված են կանաչ անցման և տեխնոլոգիական զարգացման հետ։ 


  • Տեղական արժույթով թողարկված պարտատոմսերի դեպքում շարունակում ենք նախապատվությունը տալ երկրների ընտրողական գնահատման վրա հիմնված մոտեցմանը։ 


ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ 


Կենտրոնացումը կայունության և ընտրողականության վրա


Բարրի Գլավին

Բաժնետոմսերի հարթակի ղեկավար 


Վերջին շաբաթների զարգացումները ցույց են տալիս, որ, չնայած շուկայի ընդհանուր ցածր տատանողականությանը, առանձին բաժնետոմսերի տատանողականությունն աճում է՝ ներդրողների առավել մանրակրկիտ գնահատումների պայմաններում։ Արհեստական բանականության հետ կապված ներդրումների, շահութաբերության, գնահատումների և մատակարարման շղթաների ռիսկերը մնում են ուշադրության կենտրոնում՝ էլ ավելի կարևոր դարձնելով ընտրողականությունն ու կառուցվածքային կայունությունը։ Այս պայմաններում ռազմավարական առումով շարունակում ենք նվազեցնել ԱՄՆ շուկայի կշիռը, քանի որ կենտրոնացվածության և բարձր գնահատումների հետ կապված ռիսկերը պահպանվում են։ 


Վերահաստատում ենք Եվրոպայի նկատմամբ մեր երկարաժամկետ դրական գնահատականը, քանի որ արդյունավետության, մրցունակության և ռազմավարական ինքնավարության բարձրացմանն ուղղված բարեփոխումները երկարաժամկետ ներդրումային հնարավորություններ են ստեղծում։ Դրական ենք գնահատում նաև Ճապոնիայի շուկան՝ հաշվի առնելով ամուր հիմնարար ցուցանիշները, տնտեսական աճին նպաստող քաղաքականությունը և գրավիչ գնահատումները։ Զարգացող շուկաները նույնպես հետաքրքրական են՝ շնորհիվ տեխնոլոգիական առավելությունների և բարենպաստ գնահատումների։ 


Զարգացած շուկաներ 


  • Հաշվի առնելով ընդհանուր առմամբ բարձր գնահատումները՝ նախապատվությունը տալիս ենք ցածր բետա գործակցով և արհեստական բանականության զարգացումների ազդեցության նկատմամբ ավելի դիմացկուն ընկերություններին, որոնց բիզնես մոդելներն ավելի քիչ են ենթակա խաթարման։ Նախընտրում ենք առողջապահության և առաջնային սպառման ապրանքների ոլորտները։ Միաժամանակ արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և էներգետիկ անցման հետևանքով էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը նոր հնարավորություններ է ստեղծում կոմունալ ծառայությունների, շինարարության և արդյունաբերության ոլորտներում։ Դրական ենք գնահատում նաև ֆինանսական հատվածը, թեև շուկայի վերջին զարգացումների պայմաններում առանձին ընկերությունների ընտրությունն առաջնային նշանակություն է ստանում։ 


  • Շարունակում ենք դրական գնահատել եվրոպական տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը, թեև վերջերս կիսահաղորդիչների ոլորտում ստացել ենք շահույթի մի մասը։ 


  • Ճապոնիայում նախապատվությունը տալիս ենք արդյունաբերական ընկերություններին, ինչպես նաև ընտրված փոքր և միջին կապիտալիզացիայով ընկերություններին, որոնք կարող են օգտվել մատակարարման շղթաների կայունության ամրապնդման, արհեստական բանականության և ենթակառուցվածքային ներդրումների հետ կապված միտումներից։ Ընդհանուր առմամբ, գնահատումները մնում են գրավիչ։ 


Զարգացող շուկաներ 


  • Զարգացող շուկաները շարունակում են հետաքրքրական լինել՝ աշխարհաքաղաքական և տնտեսական ռիսկերի պայմաններում դիվերսիֆիկացիայի ընձեռած առավելությունների, ինչպես նաև բարենպաստ գնահատումների և տեխնոլոգիական ոլորտի ուժեղ դիրքերի շնորհիվ։ 


  • Ասիայի նկատմամբ պահպանում ենք փոքր-ինչ դրական մոտեցումը՝ միաժամանակ ընտրողականություն ցուցաբերելով տեխնոլոգիական և կիսահաղորդիչների ոլորտներում։ Արհեստական բանականությամբ պայմանավորված հիշողության չիպերի և այլ կիսահաղորդիչների պահանջարկը պետք է շարունակի նպաստել ընկերությունների շահույթի աճին, թեև հետագա աճի ներուժը կարող է նվազել՝ առաջարկի արագ ընդլայնման և գնային աճի թուլացման պայմաններում։ 


  • Չինաստանի նկատմամբ պահպանում ենք չեզոք մոտեցումը՝ հաշվի առնելով ընկերությունների շահույթի հեռանկարի շուրջ անորոշությունը։ Նախապատվությունը տալիս ենք արդյունաբերական ոլորտի ընտրված ընկերություններին, որոնք ունեն տեխնոլոգիական առավելություններ և մրցունակ են համաշխարհային շուկայում։ 


  • Լատինական Ամերիկայի նկատմամբ շարունակում ենք պահպանել դրական գնահատականը, իսկ Բրազիլիայում հոկտեմբերին կայանալիք ընտրությունները դիտարկում ենք որպես առանցքային իրադարձություն, որին անհրաժեշտ է հետևել։ 


ԲԱԶՄԱԱԿՏԻՎՆԵՐ (MULTI-ASSET)

 

Ռիսկի նկատմամբ չափավոր դրական, բայց զգուշավոր մոտեցում


Ֆրանչեսկո Սանդրինի 

Բազմակտիվների ռազմավարության գծով ստորաբաժանման ղեկավար  

Ջոն Օթուլ 

Բազմակտիվների ներդրումների գծով լուծումների ստորաբաժանման ղեկավար   


Ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը շարունակում է բարենպաստ լինել, սակայն գնաճը կայուն է, կենտրոնական բանկերը դեռևս զգուշավոր են, իսկ տնտեսական աճի տեմպերն ըստ տարածաշրջանների շարունակում են տարբերվել։ Այս պայմաններում պահպանում ենք ռիսկային ակտիվների նկատմամբ չափավոր դրական մոտեցումը՝ նախապատվությունը տալով ընթացիկ եկամտաբերությանը, ընտրողականությանը և դիվերսիֆիկացիային, այլ ոչ թե շուկայի ուղղության վերաբերյալ արտահայտված դիրքերին։ 


Բաժնետոմսերի նկատմամբ շարունակում ենք պահպանել դրական գնահատականը։ Սակայն ԱՄՆ-ում շուկայի բարձր կենտրոնացվածությունը մի քանի ընկերությունների շուրջ կարող է հանգեցնել այլ տարածաշրջանների համեմատ ավելի թույլ արդյունքների։ Այդ պատճառով մարտավարական առումով նվազեցրել ենք S&P 500 ինդեքսի նկատմամբ մեր դրական մոտեցումը՝ միաժամանակ պահպանելով դրական գնահատականը SPX հավասար կշռով ինդեքսի նկատմամբ, ինչը հնարավորություն է տալիս օգտվել ընկերությունների շահույթի ավելի լայն շրջանակ ընդգրկող աճից։  

 

Այս ռոտացիան նպաստավոր է Եվրոպայի համար, քանի որ Գերմանիայի բարեփոխումների փաթեթը և ենթակառուցվածքային ծրագրերը կարող են խթանել տարածաշրջանի տնտեսական ակտիվությունը։ Բացի դրանից, տեխնիկական ցուցանիշները վկայում են, որ եվրոպական բաժնետոմսերի կշիռը ներդրումային պորտֆելներում դեռևս համեմատաբար ցածր է։ Մեր գնահատմամբ՝ տարվա երկրորդ կեսին Եվրոպայում տնտեսական աճը կարող է վերականգնվել, ինչի պայմաններում գրավիչ են թվում ցիկլային ոլորտները, այդ թվում՝ բանկերը։ 


Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների մասով ԱՄՆ-ում և Եվրոպայում դրական ենք գնահատում ժամկետայնությունը, մինչդեռ Ճապոնիայի նկատմամբ պահպանում ենք զգուշավոր մոտեցումը։ Այստեղ եկամտաբերության կորի երկար հատվածը շարունակում է խոցելի մնալ բարձր գնաճի, Ճապոնիայի բանկի դրամավարկային քաղաքականության խստացման և ժամկետայնության հավելավճարի աճի նկատմամբ։ Շարունակում ենք նախապատվությունը տալ ԱՄՆ հնգամյա գանձապետական պարտատոմսերին, քանի որ աշխատաշուկայի ավելի թույլ տվյալները և զսպված բազային գնաճը վկայում են, որ Դաշնային պահուստը կարող է տոկոսադրույքներն անփոփոխ պահել ավելի երկար, քան ներկայում ակնկալվում է։ Եվրոպայում դրական ենք գնահատում գերմանական Bund և Schatz պարտատոմսերը, քանի որ ԵԿԲ-ի կողմից քաղաքականության հետագա խստացման սահմանափակ հնարավորություն է ակնկալվում, իսկ տնտեսական աճը մնում է թույլ։ Իտալական պետական պարտատոմսերը (BTPs) շարունակում են գրավիչ լինել իրենց ընթացիկ եկամտաբերության շնորհիվ։ Դրական ենք գնահատում նաև ԵՄ ներդրումային դասի կորպորատիվ պարտատոմսերը՝ հաշվի առնելով գրավիչ գնահատումները, եկամտաբերություն փնտրող ներդրողների պահանջարկը և բարենպաստ սեզոնային գործոնները, ինչպես նաև զարգացող շուկաների պարտքային գործիքները։ 


Արժութային շուկայում շարունակում ենք նախապատվությունը տալ ԱՄՆ դոլարի նկատմամբ զարգացող շուկաների՝ ավելի բարձր տոկոսադրույքային եկամուտ ապահովող արժույթներին՝ միաժամանակ կրճատելով եվրոյի դիրքն ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Նախապատվությունը տալիս ենք բրազիլական ռեալին և թուրքական լիրային, քանի որ երկու արժույթների համար էլ նպաստավոր են բարելավվող հիմնարար ցուցանիշներն ու գրավիչ տոկոսադրույքային եկամուտը, իսկ դրանց կենտրոնական բանկերից ակնկալվում է դրամավարկային քաղաքականության միայն աստիճանական մեղմացում։ 


ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ


Ակտիվների դասերի վերաբերյալ Ամունդի դիրքորոշում


ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ


ՄՍՄԿ-ի տեղեկությունները կարող են գործածվել միայն Ձեր ներքին օգտագործման համար, չեն կարող վերարտադրվել կամ տարածվել որևէ ձևով և չեն կարող գործածվել որպես որևէ ֆինանսական գործիքի կամ պրոդուկտի կամ ինդեքսի հիմք կամ դրա բաղադրիչ։ ՄՍՄԿ-ի որևէ տեղեկություն նախատեսված չէ լինելու ներդրումային խորհրդատվություն կամ որևէ տեսակի ներդրումային որոշում կայացնելու (կամ դրանից զերծ մնալու) առաջարկություն, և դրա վրա չի կարելի հիմնվել որպես այդպիսին։ Պատմական տվյալները և վերլուծությունը չպետք է ընկալվեն որպես որևէ հետագա կատարողականի վերլուծության, կանխատեսման կամ կանխագուշակման մասին նշում կամ երաշխիք։ ՄՍՄԿ-ի տեղեկությունները տրամադրվել են «այնպես, ինչպես կա» հիմքով, և սույն տեղեկություններն օգտագործողն ստանձնում է սույն տեղեկությունների ցանկացած օգտագործման բոլոր ռիսկերը։ ՄՍՄԿ-ն, դրա փոխկապակցված անձինք և յուրաքանչյուր անձ, որը ներգրավված է ՄՍՄԿ-ի որևէ տեղեկություն կազմելուն կամ կապված է դրա հետ (միասին «ՄՍՄԿ կողմեր»), սույն տեղեկությունների մասով բացահայտ հրաժարվում է բոլոր երաշխիքներից (այդ թվում, առանց սահմանափակման, բնօրինակության, ճշգրտության, ամբողջականության, ժամանակին լինելու, խախտում չկատարելու, վաճառքի համար պիտանիության և կոնկրետ նպատակին համապատասխանության վերաբերյալ ցանկացած երաշխիքից)։ Չսահմանափակելով վերոնշյալ որևէ դրույթ, ՄՍՄԿ որևէ կողմ որևէ դեպքում չի կրում որևէ պատասխանատվություն որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատահական, պատժիչ, հետևանքային (այդ թվում, առանց սահմանափակման, բաց թողնված օգուտի) կամ որևէ այլ վնասի համար։ (www.mscibarra.com)։ 


SM արդյունաբերությունների դասակարգման համաշխարհային ստանդարտը (ԱԴՀՍ) մշակվել է «Ստենդրդ ընդ Փուրզ»-ի և ՄՍՄԿ-ի կողմից և դրանց բացառիկ սեփականությունն ու ծառայությունների ապրանքանիշն է։ Ոչ «Ստենդրդ ընդ Փուրզ»-ը, ՄՍՄԿ-ն և ոչ էլ ԱԴՀՍ որևէ դասակարգում մշակելուն կամ կազմելուն ներգրավված որևէ այլ կողմ որևէ բացահայտ կամ ենթադրյալ երաշխիք կամ հավաստիացում չի տալիս այդ ստանդարտի կամ դասակարգման (կամ դրանց օգտագործումից ստացվելիք արդյունքի) վերաբերյալ, և այդ բոլոր կողմերը սույնով բացահայտ հրաժարվում են ցանկացած այդպիսի ստանդարտի կամ դասակարգման առնչությամբ բնօրինակության, ճշգրտության, ամբողջականության, վաճառքի համար պիտանիության կամ կոնկրետ նպատակին համապատասխանության վերաբերյալ ցանկացած երաշխիքից։ Չսահմանափակելով վերոնշյալ որևէ դրույթ, «Ստենդրդ ընդ Փուրզ»-ը, ՄՍՄԿ-ն, դրան որևէ փոխկապակցված անձ կամ ԱԴՀՍ որևէ դասակարգում մշակելուն կամ կազմելուն ներգրավված որևէ երրորդ կողմ որևէ պատասխանատվություն չի կրում որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատժիչ, հետևանքային կամ որևէ այլ վնասի (այդ թվում՝ բաց թողնված օգուտի) համար, նույնիսկ եթե ծանուցվել է այդ վնասների հնարավոր լինելու մասին։


Սույն փաստաթուղթը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Սույն փաստաթուղթը չի  հանդիսանում վաճառքի առաջարկ, գնման առաջարկի հրավեր կամ որևէ արժեթղթի կամ որևէ այլ պրոդուկտի կամ ծառայության առաջարկություն։ Ցանկացած արժեթուղթ, պրոդուկտ կամ ծառայություն, որին հղում է կատարվում, կարող են գրանցված չլինել Ձեր պետությունում համապատասխան մարմնի կողմից վաճառքի համար և կարող են չկարգավորվել կամ չվերահսկվել Ձեր պետությունում որևէ պետական կամ համանման մարմնի կողմից։ Այս փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը չպետք է փոփոխվի կամ ներկայացվի այնպես, որ առաջացնի թյուրընկալումներ կամ սխալ հավաստիացումներ։ Փաստաթղթի բովանդակության ցանկացած օգտագործում, վերարտադրում կամ տարածում առանց ամբողջական և պատշաճ հղման սկզբնաղբյուրին արգելվում է։ Սույն փաստաթղթում պարունակվող ցանկացած տեղեկություն չի կարող օգտագործվել որպես որևէ ֆինանսական գործիքի կամ պրոդուկտի կամ ինդեքսի հիմք կամ դրա բաղադրիչ։ Ավելին, ոչինչ սույն փաստաթղթում նախատեսված չէ հարկային, իրավական կամ ներդրումային խորհրդատվություն տրամադրելու համար։ Եթե այլ բան նշված չէ, ապա սույն փաստաթղթում պարունակվող բոլոր տեղեկություններն ստացվել են «Ամունդի Ասեթ Մենեջմենթ ԷսԱԷս» ընկերությունից և ներկայաված են 2026 թվականի հուլիսի 27-ի դրությամբ։ Դիվերսիֆիկացիան չի երաշխավորում շահույթ կամ չի պաշտպանում կորուստից։ Սույն փաստաթուղթը տրամադրվել է «այնպես, ինչպես կա» հիմքով, և սույն տեղեկություններն օգտագործողն ստանձնում է սույն տեղեկությունների ցանկացած օգտագործման բոլոր ռիսկերը։ Պատմական տվյալները և վերլուծությունը չպետք է ընկալվեն որպես որևէ հետագա կատարողականի վերլուծության, կանխատեսման կամ կանխագուշակման մասին նշում կամ երաշխիք։ Շուկայի և շուկայի միտումների վերաբերյալ արտահայտված տեսակետները հեղինակի տեսակետներն են և պարտադիր չէ, որ լինեն «Ամունդի Ասեթ Մենեջմենթ ԷսԱԷս» ընկերության կամ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ի տեսակետներ ու ցանկացած պահի ենթակա են փոփոխության՝ շուկայի և այլ պայմանների հիման վրա, և չեն կարող լինել հավաստիացումներ առ այն, որ երկրները, շուկաները կամ ոլորտները կհամապատասխանեն ակնկալիքներին։ Սույն տեսակետները պետք չէ հիմք ընդունել որպես ներդրումային խորհրդատվություն, արժեթղթի առաջարկություն կամ «Ամունդի» ընկերության կամ Ամունդի-Ակբայի որևէ պրոդուկտի առքուվաճառքի մասին նշում։ Ներդրումը ներառում է ռիսկեր, այդ թվում՝ շուկայական, քաղաքական, իրացվելիության և արժույթի հետ կապված ռիսկեր։ Ավելին, «Ամունդին» կամ Ամունդի-Ակբան որևէ դեպքում չեն կրում որևէ պատասխանատվություն դրա հետևանքով առաջացած որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատահական, պատժիչ, հետևանքային (այդ թվում, առանց սահմանափակման, բաց թողնված օգուտի) կամ որևէ այլ վնասի համար։


Առաջին օգտագործման ամսաթիվը՝ 2026թ. հուլիսի 27։ 


«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն իրավաբանական անձ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրած ներդրումային ֆոնդերի կառավարման թիվ 0002-ի լիցենզիայի հիման վրա, Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարում։ Գրանցված գրասենյակը գտնվում է Երևան, Վազգեն Սարգսյան 10, 100-101 տարածք։  

Ամունդի-Ակբայի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել www.amundi-acba.am կամ զանգահարել 011-310-000։