
Կիսամյակային հեռանկար
2026 թվականի 1-ին կիսամյակը վերահաստատեց մեր այն գնահատականը, որ ներկայիս իրավիճակը տնտեսական ցիկլի ուշ փուլի սովորական դրսևորում չէ։ Տնտեսական աճը դանդաղում է անհամաչափ տեմպերով, գնաճային ռիսկերը մեծանում են, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը գնալով ավելի ակնառու սահմանափակող գործոն է դառնում։ Աշխարհաքաղաքական ցնցումներն ավելի ու ավելի են ազդում էներգակիրների գների, բեռնափոխադրումների երթուղիների, պարենի և պարարտանյութերի արժեքի, ինչպես նաև ընկերությունների շահութաբերության վրա։ Միևնույն ժամանակ, արհեստական բանականությունը (ԱԲ) շարունակում է մնալ շահույթի աճի կարևոր շարժիչ՝ թե՛ տարբեր տարածաշրջաններում, թե՛ աճողաբար տնտեսության տարբեր ոլորտներում։ Առաջիկա վեց ամիսները կփորձարկեն մեր հիմնական սցենարի կենսունակությունը, որը հիմնված է Մերձավոր Արևելքում ճգնաժամի աստիճանական թուլացման և Հորմուզի նեղուցի վերաբացման կանխատեսման վրա, թեև կայուն համաձայնության հասնելու ճանապարհը դեռևս անորոշ է։
Ներդրողների համար առանձնահատուկ նշանակություն կունենա չորս հիմնական ուղղություն՝
Ներկայիս պայմաններում, հնարավորությունների որոնմանը զուգահեռ, առավել մեծ կարևորություն է ստանում պորտֆելների պաշտպանության գործիքակազմի ընդլայնումը։ Մեր գնահատմամբ՝ հիմնական ռիսկն այն է, որ շուկաներում դեռևս ամբողջությամբ արտացոլված չէ այն հանգամանքը, որ տնտեսական քաղաքականության աջակցության հնարավորություններն ավելի սահմանափակ են, քան նախորդ ցիկլերում։ Հետևաբար, կենտրոնական բանկերի գործողությունները լինելու են առանցքային դիտարկման առարկա։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ Դաշնային պահուստը երկար ժամանակ կպահպանի գործող տոկոսադրույքները՝ կաշկանդված գնաճի շուրջ անորոշությամբ և իր նկատմամբ վստահությունը պահպանելու անհրաժեշտությամբ, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը և Անգլիայի բանկն ավելի խիստ դիրքորոշում են որդեգրելու, քան նախկինում էր՝ գնաճային ճնշումների ուժեղացման պայմաններում։ Քանի որ ներդրողները չեն կարող ակնկալել, որ կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության մեղմացումը կնպաստի ակտիվների բոլոր դասերի ցուցանիշներին, պորտֆելները պետք է կառուցվեն այնպես, որ պահպանեն կայունությունը ներկայիս անորոշ մակրոտնտեսական պայմաններում՝ միաժամանակ հնարավորություն տալով օգտվել երկարաժամկետ աճի կառուցվածքային ուղղություններից։
Տնտեսության անցումը դեպի ավելի դիմակայուն, բայց միաժամանակ ավելի բարձր գնաճով բնութագրվող միջավայր նշանակում է, որ ակտիվների բաշխման հարցում առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե շուկայի ընդհանուր ուղղությունը կանխատեսելուն, այլ ընտրովի ներդրումային հնարավորությունների բացահայտմանն ու օգտագործմանը։
Որքա՞ն կդիմանան տնտեսություններն ու շուկաները
Տնտեսությունների և ֆինանսական շուկաների դիմացկունությունը կախված է Մերձավոր Արևելքում հակամարտության երերուն մեղմացումից և արհեստական բանականության գերցիկլից։ Ցանկացած անբարենպաստ անակնկալ կարող է սրել արդեն իսկ առկա խոցելիությունները՝ բարձր պարտքային բեռը, կենտրոնացվածությունն ու փոխառու միջոցներից մեծ կախվածությունը։
ԲԱՑԱՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ
Հակամարտության նոր սրում, համաձայնագրի կատարման ձախողում կամ արհեստական բանականության ոլորտում կտրուկ անկում
Մակրոտնտեսական և ֆինանսական ցնցում, համաշխարհային տնտեսական անկման ռիսկ
Նավթի գները զգալիորեն գերազանցում են կանխատեսված մակարդակը, գնաճային սպասումները կորցնում են իրենց հիմնավորվածությունը՝ ստիպելով կենտրոնական բանկերին 2026 թվականին շարունակել տոկոսադրույքների բարձրացումը։ Միաժամանակ, արհեստական բանականության կամ տեխնոլոգիական հատվածի սպասվածից ավելի թույլ զարգացումը կարող է շուկաներում շտկում մտցնել։
Շուկայի վրա ազդեցությունները
Շրջադարձ դեպի ռիսկից խուսափելու ռազմավարություն; ավելի ցածր վարկային որակ ունեցող պարտքային գործիքները կհայտնվեն ճնշման տակ, իսկ հարկաբյուջետային թույլ կանոնակարգում ունեցող երկրների պետական պարտատոմսերի ռիսկային հավելավճարները կմնան բարձր։ Նախապատվությունը՝ կանխիկ միջոցներին, ԱՄՆ-ի կարճաժամկետ տոկոսադրույքներով գործիքներին և ապահով արժույթներին (շվեյցարական ֆրանկ, ԱՄՆ դոլար)։
ՀԻՄՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ
Հակամարտության երերուն մեղմացում, արհեստական բանականության շրջանակի ընդլայնում
Էներգետիկ ռիսկի վերագնահատում, տնտեսական անկման կանխում
Նավթի գները բարձր են նախկին կանխատեսումների համեմատ, սակայն կտրուկ թանկացում չի ակնկալվում։ Տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են դեպի նվազում, հատկապես Եվրոպայի համար, սակայն տնտեսական անկում չի սպասվում։ Կենտրոնական բանկերը կպահպանեն զգուշավոր մոտեցումը․ տոկոսադրույքների հետագա բարձրացում հնարավոր է, սակայն լայնածավալ բարձրացման փուլ չի ակնկալվում։
Շուկայի վրա ազդեցությունները
Ռիսկի նկատմամբ դրական տրամադրությունների պահպանում՝ միաժամանակ ապահովելով պաշտպանություն։ Նախապատվությունը՝ շահույթի մեկ բաժնետոմսին ընկնող ցուցանիշի կայուն աճ գրանցող ընկերություններին, բավարար իրացվելիությամբ ակտիվներին, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի շուկաներում ընտրողական ներդրումներին, իրական ակտիվներին և հումքային ապրանքների միջոցով ռիսկերի ապահովագրմանը։
ԴՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ
Հուսալի խաղաղ կարգավորում, նեղուցի վերաբացման հստակ հեռանկար և արհեստական բանականության զարգացման բարենպաստ շրջան
Լարվածության թուլացում, գնաճի մեղմացում և վստահության վերականգնում
Հորմուզի նեղուցով նավերի անխափան մուտքն ու ելքը ճանապարհ կհարթեն կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության ավելի կանխատեսելի մեղմացման համար։
Շուկայի վրա ազդեցությունները
Ռիսկային ակտիվների տեսակարար կշռի ավելացում։ Նախապատվությունը՝ ցիկլային ոլորտներին, Եվրոպայի և Ասիայի շուկաներին, զարգացող երկրների ակտիվներին և էներգակիրների ներմուծող երկրներին։ Գնաճի հետ կապված մտահոգությունների թուլացմանը զուգընթաց աճ կարձանագրվի նաև պարտատոմսերի ոլորտում։
Քանի որ թե՛ բացասական, թե՛ դրական սցենարների հավանականությունը շարունակում է բարձր մնալ, ներդրումային պորտֆելի լայն դիվերսիֆիկացումն առավել կարևոր է դառնում։ Սա նշանակում է, որ բաժնետոմսերի և պարտատոմսերի ավանդական 60/40 բաշխման փոխարեն նախապատվությունը պետք է տալ ավելի բազմազան պորտֆելի, որը ներառում է նաև ոսկի, ապրանքահումքային ակտիվներ, մասնավոր ակտիվներ, ինչպես նաև ներդրումներ Եվրոպայի և զարգացող շուկաների երկարաժամկետ կառուցվածքային աճի ուղղություններում։
Եկամտաբերության նոր իրողության ընդունում
Եկամտաբերության աճը պարտատոմսերն ավելի գրավիչ է դարձրել։ Սակայն բարձր պարտքային բեռի և տնտեսական քաղաքականության անորոշության պայմաններում պարտատոմսերից կայուն եկամուտ ստանալու համար վճռորոշ նշանակություն ունի ճկուն ներդրումային մոտեցումը։
Աղբյուրներ՝ Ամունդի ներդրումային ինստիտուտ։ Տվյալները 2026 թվականի հունիսի 23-ի դրությամբ։
Հնարավորությունների ընդլայնում՝ կենտրոնացման փոխարեն
Արհեստական բանականությունը շարունակում է մնալ բաժնետոմսերի շուկայի երկարաժամկետ աճի հիմնական շարժիչներից մեկը։ Միևնույն ժամանակ, ներդրումների չափազանց կենտրոնացումից խուսափելը կարևոր նշանակություն ունի։ Ավելի լայն ներդրումային հնարավորություններ կարելի է գտնել ինչպես արհեստական բանականության ենթակառուցվածքներ ստեղծող, այնպես էլ այդ տեխնոլոգիաները տարբեր ոլորտներում և տարածաշրջաններում կիրառող ընկերությունների շրջանում։
Աղբյուրներ՝ Ամունդի ներդրումային ինստիտուտ, Վերլուծությունը հիմնված է հեղինակային ինդեքսների վրա, որոնք ներառում են արհեստական բանականության արժեքային շղթայի առանձին օղակներին և ընկերությունների աշխարհագրական տեղակայմանը բնորոշ հատկանիշներ ունեցող դիվերսիֆիկացված բաժնետոմսերի փաթեթներ։ Տվյալները նորմավորվել են՝ 2024 թվականի հունվարի 1-ի արժեքն ընդունելով 100։ Տվյալները՝ 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ։
Ներդրումներ՝ Եվրոպայում կապիտալ ներդրումների վերականգնման փուլում
Եվրոպայի ռազմավարական ինքնավարության օրակարգը վերածվում է երկարաժամկետ ներդրումային ցիկլի՝ ընդգրկելով պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը, արհեստական բանականության ենթակառուցվածքները և արդյունաբերության արդիականացումը։
Աղբյուր՝ Ամունդի ներդրումային ինստիտուտ, ՀԱՊԿ, Բլումբերգի տնտեսական կանխատեսումներ։ Նշում՝ Պաշտպանության ոլորտում ծախսերը որպես ՀՆԱ տոկոս ներկայացված են կշռված միջինի տեսքով։ Տվյալները՝ 2026 թվականի փետրվարի դրությամբ։
Ռիսկերի հեջավորման ավանդական մոտեցումների վերանայում
Բարձր գնաճը, աշխարհաքաղաքական անկայունությունն ու ԱՄՆ դոլարի արժեզրկման ռիսկը շարունակում են մնալ ներդրողների հիմնական մտահոգությունները։ Այդ պայմաններում միայն պարտատոմսերի ժամկետայնության վրա հիմնված պաշտպանությունն այլևս բավարար չէ։ Ավելի արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ է կիրառել գործիքների ավելի լայն շրջանակ՝ ներառյալ ոսկին, արտարժույթը, այլընտրանքային ներդրումները և հեջավորման ռազմավարությունները։
Աղբյուրներ՝ Ամունդի ներդրումային ինստիտուտ, Բլումբերգ։ Բաժնետոմսերի ինդեքսը ներկայացված է S&P 500-ով, իսկ պարտատոմսերի ինդեքսը՝ Բլումբերգ ԱՄՆ գանձապետարանի ինդեքսով։ Կորելացիան հաշվարկվել է նախորդ 12 ամիսների շարժական ժամանակահատվածի հիման վրա։ Տվյալները՝ 2026 թվականի ապրիլի դրությամբ։
Իրական ակտիվների կարևորում՝ գնաճի դարաշրջանում
Գնաճի պայմաններում, երբ մեծանում է ակտիվների իրական արժեքի նվազման վտանգը, առավել մեծ դեր են ստանում իրական տնտեսության, իրական ակտիվների, ապրանքահումքային ակտիվների և ենթակառուցվածքների հետ կապված ներդրումները՝ որպես արժեքի պահպանման միջոց։
Աղբյուրներ՝ Ամունդի ներդրումային ինստիտուտ, Բլումբերգ։ Տվյալները 2026 թվականի հունիսի 15-ի դրությամբ։ Ցուցադրական նպատակներով։
Զարգացող շուկաներում ներդրումային հնարավորությունները տարբեր են
Նախապատվությունը՝ այն երկրներին, որոնք շահում են մատակարարման շղթաների վերադասավորումից, արտահանում են հումքային ապրանքներ կամ վարում են վստահություն ներշնչող տնտեսական քաղաքականություն։ Միաժամանակ, զգուշավորություն է պետք ցուցաբերել այն երկրների նկատմամբ, որոնց տնտեսությունները մեծապես կախված են ԱՄՆ դոլարի տատանումներից և ունեն արտաքին հաշվեկշռի թույլ դիրքեր։
Աղբյուրներ՝ Ամունդի ներդրումային ինստիտուտ։ Տվյալները 2026 թվականի հունիսի 23-ի դրությամբ։
Ակտիվների դասերի հեռանկարներ
Դիրքն ըստ ակտիվի դասերի՝ Բաժնետոմսեր Ֆիքսված եկամուտ Արտարժույթ