
Նոր ուժերը վերափոխում են համաշխարհային տնտեսությունը: Մինչդեռ նախորդ հինգ տարվա խոր ցնցումներն իրենց ազդեցությունն ունեցան համակարգի վրա, այդուհանդերձ՝ աշխարհաքաղաքականության և ազգային քաղաքականության հարցում կատարված ընտրությունների հետևանքով աշխարհն ավելի մասնատված է դառնում:
Դրամավարկային քաղաքականության մշակողները հաջողությամբ են զսպել բարձր գնաճը՝ միաժամանակ չխաթարելով աճի տեմպերը: Այսպիսով, համաշխարհային տնտեսության հեռանկարը բարենպաստ է, և ակնկալվում է, որ գլոբալ գնային ճնշումները թուլանալու միտում կունենան՝ թույլ տալով խոշոր կենտրոնական բանկերին շարունակել տոկոսադրույքների նվազեցումը: Այդուհանդերձ՝ գնաճի ռիսկը պահպանվում է, և Դաշնային պահուստային համակարգը, հնարավոր է, պետք է հարմարվի ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխություններին:
Լավագույն ներդրումների հնարավորությունները կարելի է բացահայտել` ուսումնասիրելով այն ոլորտները, որոնք առավելագույնս կշահեն հաջորդ տարիներին հավանաբար գերակշռող ուղղություններից: Միևնույն ժամանակ տարականոնությունները, օրինակ՝ անորոշության բարձր մակարդակի դեպքում շուկայի ցածր տատանվողությունը կամ վերջին տասնամյակի ամենակոշտ դրամավարկային քաղաքականության պարագայում ԱՄՆ սպառողի դիմակայունությունն ավելի նկատելի են դառնում և հնարավոր է՝ երկար չտևեն: Այդ երևույթների հետադարձը կարող է հանգեցնել նրան, որ գնաճի հետ կապված պարտավորությունները և ոսկին ավելի շատ համբավ վայելեն: Աշխարհաքաղաքական լարվածությունը նույնպես կարող է հանգեցնել կայուն և անվտանգ ներդրումների նկատմամբ պահանջարկի աճին և ընդգծել առավել զանազանեցված առաջարկի անհրաժեշտությունը:
«Տարականոնությունների աշխարհում կան բազմաթիվ լուսավոր բծեր: Քաղաքական որոշումների և աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում ստեղծված հնարավորությունների բացահայտումը նույնքան կարևոր է լինելու, որքան դրանց հետևանքով առաջացած ռիսկերից պաշտպանումը:»
Մոնիկա Դեֆենդ
Ամունդի ներդրումային ինստիտուտի ղեկավար և Ռազմավարության գլխավոր մասնագետ
2025 թվականի ներդրումային ուղղությունները
Տարականոնությունների աշխարհում ակտիվների դինամիկ բաշխվածություն
Տարականոն շրջափուլը պահանջում է տնտեսական միջավայրի հաճախակի վերագնահատում և տեղաբաշխման դինամիկ ճշգրտումներ՝ շեշտը դնելով H1 խմբի ռիսկային ակտիվների վրա (բաժնետոմսեր և ներդրումային մակարդակի վարկեր):
Բացահայտեք բոլոր ուղղություններով եկամուտ ստանալու հնարավորությունները
Այն պարագայում, երբ եկամտաբերության ցուցանիշները մոտ են իրենց պատմական առավելագույն արժեքներին, իսկ կենտրոնական բանկերը մեղմացնում են պայմանները և անկում չի ակնկալվում՝ պետական պարտատոմսերը, վարկերը, բարձր ռիսկայնությամբ փոխառությունները և նորաստեղծ շուկաների պարտատոմսերը եկամուտ ստանալու հնարավորություններ են խոստանում:
Ընդլայնեք բաժնետոմսերի հետ կապված հնարավորությունները և ուսումնասիրեք ոլորտները
Եթե ԱՄՆ գերկապիտալացված ընկերությունների դեպքում պահպանվում է դրանց գերագնահատումը, ապա Եվրոպայում, գերկապիտալացված ընկերություններից դուրս ԱՄՆ շուկայում և Ճապոնիայում կարող ենք լուսավոր բծեր նկատել:
Ընդունեք Ասիայի հզորությունը և ԶՇ վերադարձը
Երկարաժամկետ կտրվածքով հաղթող են համարվում Հնդկաստանը և Ինդոնեզիան: Կարճաժամկետ կտրվածքով՝ Չինաստանը կարող է շահել լրացուցիչ խթաններից: Ակնկալվում է, որ զարգացող շուկաները կգերազանցեն զարգացած շուկաներին:
Ուսումնասիրեք փոխակերպվող երկարաժամկետ ուղղությունները
Աճի հնարավորությունների հավասարակշռումն արհեստական բանականության, մաքուր էներգիայի, արտադրության, գործառույթների վերապատվիրակման, ենթակառուցվածքի, առողջապահության և ծերացող բնակչության հետ:
Զանազանեցում տարբեր առանցքների ուղղությամբ
Գործածեք տատանվողության տարբերակիչները (հեջավորման ֆոնդերը և բացարձակ եկամտաբերության ռազմավարությունները), իրացվելիության տարբերակիչները (մասնավոր շուկաները) և մակրո/աշխարհաքաղաքական տարբերակիչները (ոսկին):
Աղբյուրը՝ Ամունդի ներդրումային ինստիտուտ, Բլումբերգ։ 1 ԱՄՆ գանձապետարանի կանխատեսումները տոկոսագումարների գծով վճարվող ընդհանուր ցուցանիշի վերաբերյալ: 2. Դաշնային դրամական հոսքեր, 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ տվյալներ: Տնային տնտեսություններ և շահույթ չհետապնդող կազմակերպություններ. զուտ ակտիվներ որպես անձնական տնօրինվող եկամտի տոկոս: 3. Տվյալները 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ: 4. Shillerdata.com, Ռոբերտ Շիլլեր: Տե'ս Շիլլերի «Գնի և եկամտաբերության շրջափուլային հարաբերակցությանը» (Shiller CAPE): 5. Տատանվողության 2024 թվականի ցուցանիշի և 2013-2023 թվականների միջինացված ցուցանիշների միջինի տոկոսային փոփոխության վերլուծություն: Պարտատոմսերի տատանվողությունն արտահայտվում է MOVE ինդեքսի մակարդակներով (Գանձապետական գործիքների շուկայի տատանվողության ենթադրվող ցուցանիշ), իսկ բաժնետոմսերի տատանվողությունն արտահայտվում է VIX ինդեքսի միջոցով (S&P500-ի տատանվողության ենթադրյալ ցուցանիշ):
2025 թվականի հիմնական համոզմունքները
1. Համաշխարհային տնտեսության բարենպաստ վիճակ
2025 թվականին ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսության պայմանները կմեղմանան: ԱՄՆ տնտեսության զարգացման տեմպերը կդանդաղեն՝ ներքին պահանջարկի և աշխատանքային շուկայում պայմանների վատթարացման պատճառով: Գնաճի տեմպերի նվազումը հավանաբար պահպանվելու է, սակայն գնաճի հետ կապված ռիսկերը կարող են խորանալ, և Դաշնային պահուստային ֆոնդը հավանաբար պետք է հարմարվի ԱՄՆ կառավարության քաղաքանության հնարավոր փոփոխություններին: Եվրոպան տրամադրված է չափավոր վերականգնման`շեշտը դնելով ռազմավարական ներդրումների վրա: Նորաստեղծ շուկաները հավանաբար կշարունակեն օգտվել զարգացած շուկաների համեմատությամբ ավելի բարձր հավելաճ ունենալու փաստից, իսկ Ասիան կպահպանի աճի խթանման հարցում առաջնորդ լինելու իր կարգավիճակը:
2. Զարգացող Ասիան վստահաբար առաջ է ընթանում և ընդլայնում է տարածաշրջանային կապերը
Ասիայի նորաստեղծ ոլորտները տպավորիչ աճ են արձանագրում՝ իրենց ՏՏ մատակարարման շղթաների գերակայության և հարկաբյուջետային ու դրամավարկային աջակցության շնորհիվ: Արտաքին պահանջարկը և տարածաշրջանի սահմաններում առևտուրը կամրապնդեն նրանց դիմակայունությունը և կապակցվածությունը: Հնդկաստանն ու Ինդոնեզիան համարվում են երկարաժամկետ կտրվածքով շահառուներ, իսկ Չինաստանի դեպքում մենք ակնկալում ենք շարունակական վերափոխումներ ու քաղաքական աջակցություն՝ տնտեսությունը կայունացնելու և սակագների հավանական հետևանքները մեղմացնելու համար:
3. Աշխարհաքաղաքականությունը գնալով ավելի շատ է ձևավորում տնտեսական պատկերը
Աշխարհաքաղաքական լարվածության թեժացումը, տնտեսական հակասությունների ավելացումը և շարունակական հակամարտություններն ընկերություններից պահանջում են նոր գործընկերությունների ստեղծում և իրենց գործառնությունների վերաբաշխում՝ ռիսկերը մեղմացնելու նպատակով: Արժեշղթայի գլոբալ վերաձևավորումը հնարավորություններ կստեղծի ներդրումների ոլորտում նոր շահառուների բացահայտման գործում, ինչպես նաև կպահպանի կայուն ներդրումների ավանդական տեսակները, ինչպիսին է, օրինակ՝ ոսկին:
4. Եկամուտներն ավելանում են
Երկարաժամկետ միջին ցուցանիշների մակարդակին հասնող գնաճի տեմպերի նվազմանը զուգահեռ՝ կենտրոնական բանկերի զսպող քաղաքականությունը գնալով մեղմանալու է: Չեզոք դրամավարկային քաղաքականությանն աստիճանական վերադարձը, տնտեսական անկման ցածր հավանականության հետ մեկտեղ, կընդգծի պարտատոմսերի եկամտաբերության գործառույթը՝ պայմանով, որ դրանց գծով եկամտաբերությունը լինի ավելի բարձր, քան նախկինում: Գրավիչ հնարավորություններ կան ներդրումային մակարդակի վարկի և բարձր եկամտաբերությամբ կարճաժամկետ վարկի, ինչպես նաև բարձր ռիսկայնությամբ վարկերի, ՆՇ պարտատոմսերի և մասնավոր պարտքային գործիքների շուկայում:
5. Գերկապիտալացված ընկերություններից դուրս. ուշադրություն դարձնենք արժեքի, Եվրոպայի և ոլորտային հնարավորությունների վրա
Բաժնետոմսերի համար դրական գործոն կարող է լինել շահութաբերության դրական ֆոնը և մակրոտնտեսական իրացվելիության լավ մակարդակը: Այդուհանդերձ՝ բաժնետոմսերի գնահատման գործընթացը ձգձգված է, հատկապես՝ ԱՄՆ գերկապիտալացված ընկերություններում: Ներդրողները պետք է ուշադրություն դարձնեն Եվրոպայում գնագոյացման օջախներին, հավասարակշռված ինդեքսներին և ֆինանսական, կոմունալ, հաղորդակցման և սպառողական ոլորտներին: Ավելի ցածր արժեքով ակտիվներում և միջին չափի կապիտալացմամբ ընկերություններում ներդրումներ կատարելը կարող է լավ հեջավորման տարբերակ լինել՝ աճող և գերկապիտալացված ընկերությունների բաժնետոմսերի գների հավանական անկման դեպքում: Զարգացող շուկաները պետք է ավելի լավ արդյունքներ ունենան, քան զարգացած շուկաները:
6. Մասնավոր շուկաները բարգավաճում են՝ շեշտը դնելով ենթակառուցվաքների վրա
Մասնավոր շուկաները գրավիչ ներդրումային հնարավորություններ են առաջարկում՝ տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմանը և տոկոսադրույքների հերթական կրճատումների ֆոնին՝ հատուկ ուշադրություն դարձնելով աճի ներուժով ենթակառուցվածքներին: Մասնավոր պարտքային գործիքներն ապահովում են եկամտի գրավիչ մակարդակ, իսկ վարկային պայմանագրերի շուրջ բանակցելու ժամանակ ընկերությունները շարունակում են օգտվել սակարկման լայն հնարավորություններից. ակնկալվում է, որ անշարժ գույքի հեռանկարները կբարելավվեն 2025 թվականին:
7. Ժամանակն է ընդունել ռիսկերը և բացահայտել զանազանեցման տարբեր ուղղությունները
Տնտեսական միջավայրը ռիսկային ակտիվների պարագայում հուսադրող պայմաններ է խոստանում, սակայն շուկաները թերագնահատում են մարտահրավերները: Մակրոտնտեսական հեռանկարները, գերագնահատված ակտիվները և աշխարհաքաղաքական լարվածության թեժացումը պահանջում են զանազանեցման ավելի նուրբ մեթոդների կիրառում տարբեր բնագավառներում: Մասնավորապես, ներդրողները պետք է հիշեն, որ աշխարհաքաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել գնաճի ավելի բարձր տեմպերի և օգտագործեն ռիսկի այնպիսի տարբերակիչներ, ինչպիսիք են գնաճով պայմանավորված պարտատոմսերը և ոսկին:
«Ռիսկային ակտիվների հնարավորություններից օգտվելը, գնաճի ռիսկերը հավասարակշռելու հետ մեկտեղ, լինելու է 2025 թվականի հիմնական ուղղությունը: Ներդրողները պետք է հասանելիություն ստանան ԱՄՆ գերկապիտալացված ընկերությունների բաժնետոմսերից բացի այլ մասնակցային արժեթղթերին, փնտրեն իրացվելի և ոչ իրացվելի ակտիվներից եկամուտ ստանալու հնարավորություններ և հեջավորեն ռիսկերն առավել մասնատված աշխարհում»:
Վինսենթ Մորտիե
Խմբի ԳՆՏ
Ակտիվների դասերի ակնարկ
Մենք նկատում ենք ֆիքսված եկամտի հեռանկարների փոփոխություն, որը շարունակվելու է 2025 թվականին՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում կորերի նվազմանը զուգահեռ: Խոշոր երկրների կազմում ԱՄՆ պարտատոմսերն ամենաբարձր արդյունքներն են ապահովելու: Վարկերի առումով մենք շարունակում ենք նախընտրել ներդրումային մակարդակի գործիքները բարձր եկամտաբերությամբ կորպորատիվ գործիքների նկատմամբ: Բաժնետոմսերի առումով, գների կտրուկ աճը կարող է տարածվել նաև ԱՄՆ գերկապիտալացված ընկերությունների վրա: Եվրոպայում փոքր և միջին չափի կապիտալացմամբ ընկերությունները կարող են վերականգնվել 2025 թվականի երկրորդ կեսի ընթացքում: Ճապոնական շուկան նույնպես լավ կարգավիճակում է: Դոլարը կարող է աստիճանաբար արժեզրկվել՝ ԱՄՆ-ում աճի դանդաղեցմանը և Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների կրճատմանը զուգահեռ: Սա կօգնի նորաստեղծ շուկաներին, երբ բաժնետոմսերը բարելավված դիրքում են հայտնվում՝ ներքին պահանջարկի և աճի բարձր մակարդակի շնորհիվ: Բազմաթիվ բնագավառներում անորոշությունն անհրաժեշտություն է առաջացնում հաշվի առնել տատանվողության, իրացվելիության և մակրո/աշխարհաքաղաքական գործոնները: